
Փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները բնակարանային աջակցություն ստանալու հնարավորություն կունենան ավելի պարզեցված ու հասանելի մեխանիզմներով։ Կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել շահառու ճանաչվելու պայմանները, ստեղծել մերժված դիմումների վերանայման միջգերատեսչական հանձնաժողով և ծրագրում ընդգրկել ավելի լայն բնակավայրերի ցանկ։
Նախագծով առաջարկվում է, որ մերժված դիմումները կարող են նորից դիտարկվել, եթե դրանք մերժվել են փաստաթղթային կամ տեխնիկական անճշտությունների պատճառով՝ առանց դիմելու դատարան։ Այսպիսով, հնարավոր կլինի վերականգնել այն քաղաքացիների իրավունքները, ովքեր նախկինում աջակցությունից զրկվել են ոչ էական պատճառներով։
Մասնավորապես՝ ծրագրում ընդգրկվելու համար այլևս պարտադիր չի լինի, որ անհատական բնակելի տների կառուցումը կատարվի լիցենզավորված քաղաքաշինական կազմակերպությունների միջոցով։ Փոխարենը ներդրվում է հողամասի գնման նոր մեխանիզմ, որի համաձայն՝ գնման գումարը կփոխանցվի անմիջապես վաճառողին՝ առանց միջնորդական վճարների։
Նախագծով նախատեսվում է ընդլայնել նաև աջակցություն ստացող խմբերը։ Աջակցության շահառու կարող է ճանաչվել նորածին երեխան, եթե նա ծնվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ ընտանիքի դիմումը ներկայացվել է մինչև 2025 թվականի ավարտը։
Ընդլայնվում է նաև բնակարանային աջակցության տարածքը։ Եթե մինչ այժմ ծրագիրը գործել է 452 բնակավայրում, ապա փոփոխություններից հետո այն կգործի արդեն 611 բնակավայրում։ Այս բնակավայրերում շահառուները կստանան մինչև 4 միլիոն դրամ աջակցություն։
Նախագծով նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ և երրորդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ՝ 2025թ. հուլիսի 1-ից։ Դիմումների վերջնաժամկետը սահմանվում է 2027թ. դեկտեմբերի 31-ը։
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Հիշեցնենք, որ, հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային աջակցության հավաստագիր է ստացել ավելի քան 1 600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390-ը։