ՀայաստանՍոցիալական

Փոփոխություն դրոշմավորման համակարգում․ ներմուծվող ապրանքների մասին հայերեն տեղեկատվությունը հասանելի կլինի առանց լրացուցիչ պիտակների

Սպառողները շուտով կկարողանան պարզել ներմուծվող ապրանքների բաղադրությունը և ծագման երկիրը բջջային հավելվածի միջոցով՝ առանց թղթային պիտակները որոնելու։

Կառավարության որոշմամբ փոփոխվել է նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ձևաչափը՝ համակարգում ավելացնելով «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացում» դաշտը։

Այս քայլով հայերեն տեղեկատվությունը ներմուծվող ապրանքների վերաբերյալ հնարավոր է ներառել անմիջապես ծածկագրի տվյալների բազայում՝ առանց առանձին պիտակներ փակցնելու անհրաժեշտության։ Սա միաժամանակ և՛ տնտեսվարողների ֆինանսական բեռը նվազեցնում է, և՛ բարելավում սպառողի ապրանքին հասանելի տեղեկատվության հստակությունը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունը թույլ է տալիս ապրանքի մասին անհրաժեշտ տվյալները (բաղադրություն, ծագման երկիր և այլն) տեսնել էլեկտրոնային ձևաչափով՝ QR կոդի կամ հատուկ հավելվածի միջոցով։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է այն ապրանքների դեպքում, որոնց պիտակների տեքստը հաճախ փոքր տառերով է կամ օտար լեզվով՝ դժվար ընթեռնելի։

Նշենք, որ դրոշմավորման նոր կարգավորումներով սահմանվել են նաև ապրանքների ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել է մի շարք ապրանքախմբերի՝ նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորման ժամկետը։

Սեդա Մարտոյան