
19 ընտանիք ևս կստանա փոխհատուցում մայիսյան հեղեղումների հետևանքով կրած վնասների համար
Կառավարությունը 6,6 միլիոն դրամ կհատկացնի Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղի ունեցած հեղեղումներից տուժած, բայց մինչ օրս փոխհատուցում չստացած 19 ընտանիքների։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 10-ի նիստում։
Լոռու մարզից շահառու կդառնան 13 ընտանիք, Տավուշից՝ 6։ Նրանցից շատերը տարբեր պատճառներով դուրս էին մնացել նախկինում իրականացված փոխհատուցման գործընթացից։ Համապատասխան հիմնավորումներում նշվում է, որ բնակիչներից ոմանք տեղեկացված չեն եղել աջակցության ծրագրից, իսկ մյուսները ֆիզիկապես բացակայել են Հայաստանից կամ բախվել են տեխնիկական խնդիրների։
Ներկայացված տվյալներով՝ Լոռու մարզում այդ 13 ընտանիքին հասցված վնասը կազմել է շուրջ 5 մլն դրամ, Տավուշի մարզում՝ 1.6 մլն դրամ։
Հիշեցնենք, որ կառավարության նույն ծրագրով արդեն փոխհատուցում է տրամադրվել 580 շահառուի։ Ընդհանուր գումարը կազմել է 158.8 մլն դրամ, այդ թվում՝ Լոռու մարզում 273 շահառու ստացել է մոտ 109.8 մլն դրամ, Տավուշում՝ 307 շահառու՝ շուրջ 49 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 26-ին, հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել է և Ձորագետ ավանից մինչև «Բագրատաշենի» սահմանային անցակետ դարձել ավերածությունների պատճառ։ Միաժամանակ նմանատիպ աղետ է տեղի ունեցել նաև Լոռու մարզի Տաշիր քաղաքում, որտեղ գետի ջրերը դուրս են եկել ափերից և լցվել բնակելի թաղամասեր։