
Գորիսում կկառուցվեն ՔՈԱՖ սմարթ կենտրոն և գյուղատնտեսական համալիր
Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կրթական կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։ Այս մասին հայտարարվեց հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախագծի շրջանակում առաջարկվում է Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 57.7 հեկտար հողատարածք անհատույց նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ կենտրոնների կառուցման նպատակով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ոչ ֆորմալ կրթության լայն հնարավորություններ Սյունիքի երեխաների և երիտասարդների համար։ Նրա խոսքով՝ կենտրոնում տեխնոլոգիական, արվեստի և ստեղծագործական հմտությունների զարգացման ծրագրերին կմասնակցեն մի քանի հազար երեխա՝ սկսած 3 տարեկանից։ 18-ից բարձր տարիքի երիտասարդների համար նախատեսվում է մասնագիտական ուսուցման կազմակերպում։
Ներկայումս արդեն աշխատանքներ են տարվում հողի սեփականություն ձեռք բերելու ուղղությամբ։