ՀայաստանՍոցիալական

Երևանում տոմսային միասնական համակարգը շարունակելու է գործել երեք տարբերակով

Օգոստոսի 1-ից Երևանում շարունակելու է գործել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որն ուղևորներին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել երեք տարբեր եղանակով։

Տրանսպորտում վճարելու առաջին տարբերակը տրանսպորտային քարտն է, որը նախատեսված է հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր պարբերաբար օգտվում են ավտոբուսներից, միկրոավտոբուսներից կամ տրոլեյբուսներից։ Քարտը հնարավոր է համալրել ինչպես կանխիկ եղանակով՝ համապատասխան տերմինալներում, այնպես էլ անկանխիկ՝ բանկային հավելվածների միջոցով։ Քարտերն արդեն շրջանառության մեջ են և հասանելի են մի շարք կետերում։

Երկրորդ վճարման եղանակը անհպում բանկային քարտն է։ Ուղևորները կարող են ուղիղ իրենց բանկային քարտով կատարել վճարում՝ այն սեղմելով վալիդատորի վրա։ Նշվում է, որ այս տարբերակն այս պահին գործում է Հայաստանի բոլոր բանկերի քարտերի համար, բացառությամբ ՎՏԲ Հայաստան բանկի, քանի որ այն դեռ չի միացել միասնական համակարգին։

Վճարման երրորդ եղանակն է բջջային հավելվածը, որը նախատեսված է ժամանակակից տեխնոլոգիաներին նախապատվություն տվող քաղաքացիների համար։

Թղթային քյուառ տարբերակով այլևս հնարավոր չի լինի վճարել։

Սեդա Մարտոյան