
Կառավարությունը չի ֆինանսավորի արցախցիների բնակարանի վարձը․ բողոքի ցույցը շարունակվում է
Արցախցի տեղահանվածների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հերթական հանդիպումը ևս որևէ լուծում չտվեց։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դժգոհությամբ հայտարարեց՝ կառավարությունն անգամ չի համարում, որ արցախցիների անօթևան լինելը լուրջ խնդիր է։
Նա տեղեկացրեց, որ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ։ Հանդիպման ընթացքում, ըստ նրա, պարզ դարձավ, որ կառավարությունը այս փուլում բնակվարձի ծրագիրն այլևս շարունակելու մտադրություն չունի։
Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման պետական ծրագրերը, որոնց վրա հաճախ հղում են անում իշխանությունները, գործնականում չեն լուծում մարդկանց հիմնական խնդիրը։
Նրա տվյալներով՝ մինչև այս պահը տրամադրվել է մոտ 1900 բնակարանային սերտիֆիկատ, սակայն դրանցից ընդամենը 300–400-ն է կարողացել իրացվել։ Հիշեցնենք, որ արցախցիներն արդեն մի քանի օր է՝ բողոքի նստացույց են անցկացնում Ազատության հրապարակում։ Հուլիսի 12-ին նրանք կազմակերպել էին հանրահավաք՝ բարձրաձայնելով մի շարք հարցեր․
— ինչու է ձգձգվում բնակարանային հարցերի լուծումը,
— ինչ է արվում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ,
— ինչպես է պաշտպանվում Արցախի պատմամշակութային ժառանգությունը։