ՀայաստանՍոցիալական

Երևանում կվերակառուցվի 22 կոյուղատար համակարգ

Երևանի տարբեր վարչական շրջաններում առաջիկայում նախատեսվում է կոյուղատար համակարգերի լայնածավալ վերակառուցում։ ՀՀ կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունեց համապատասխան որոշում՝ ծրագրի համար հատկացնելով 575 մլն 583 հազար դրամ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ կոյուղատարների ընտրված հատվածները Երևանի քաղաքապետարանը նախանշել է՝ ելնելով դրանց մաշվածությունից, բնակիչների բողոքներից և սոցիալական ցանցերում բարձրացված խնդիրներից։

Նշվում է, որ վերակառուցման աշխատանքները կզգալիորեն կթեթևացնեն քաղաքում տարիներ շարունակ քաղաքացիների բարձրացրած կոյուղատար խնդիրները։։

Գումարն ուղղվելու է «Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում» ծրագրի շրջանակում գործող «Համակարգի հիմնանորոգում» միջոցառումից չբաշխված միջոցներին։ Ֆինանսավորումը կիրականացվի՝ ըստ փաստացի կատարված աշխատանքների։

Երևանի կոյուղատար համակարգի մասին խոսում ենք հորդառատ անձրևներից հետո։ Մի շարք վայրերում կոյուղաջրերը լցվում են մանկապարտեզներ, շենքերի նկուղներ և այլն։ Այժմ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը մոտ 1200 կմ է։ Դրա 80 %-ը անհրաժեշտ է փոխարինել։ Ջրահեռացումը «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների տիրույթում է, սակայն ընկերությունը այստեղ էլ է թերանում։ Կրկին «Վեոլիա ջրի» աշխատանքները իր վրա է վերցնում Հայաստանի կառավարությունը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ կվերանայի «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները։ Միայն հունիս ամսի առաջին շաբաթը Երևանում ընկերության աշխատանքների տիրույթում գտնվող համակարգում 560 պատահար էր գրանցվել, որից 400-ը կոյուղու հետ կապված։