ՀայաստանՍոցիալական

Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է․ նա ազատ է արձակվել

Վերջին օրերին համացանցում մեծ քննարկումների առիթ դարձած երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական երեխայի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխվել է․ կալանքի փոխարեն դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն և բացակայության արգելք։

Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը չառարկեց խափանման միջոցի փոփոխությանը՝ նշելով, որ հաշվի է առնվել երեխայի լավագույն շահը։ Դատավոր Արշակ Մաթևոսյանն էլ, ընթերցելով որոշումը, նշեց, որ այն պայմանավորված է ոչ միայն երեխաների խնամքն իրականացնելու հանգամանքով, այլև դատական նիստի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագծով։

Նշենք, որ այսօրվա նիստին դատարանը որոշեց նաև վարույթից հեռացնել Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանին՝ նիստից անհարգելի բացակայելու համար։ Փոստանջյանի նկատմամբ ավելի վաղ դատարանը կիրառել էր 6 սանկցիա՝ ներառյալ նկատողություններ, տուգանք և իրավունքների սահմանափակում։

Հիշեցնենք, որ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիա կազմակերպելուն օժանդակելու համար։ Նա կալանավորվել էր անցած ուրբաթ՝ մանկահասակ երեխայի հետ միասին, ինչը քննադատությունների լայն ալիք էր բարձրացրել։