ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունում է, որ քաղաքում ջրի խնդիր կա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունում է՝ մայրաքաղաքում ջրի հաճախակի անջատումներն իսկապես դարձել են լուրջ խնդիր։ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ լիովին համակարծիք է այն երևանցիների հետ, ովքեր օրեցօր դժգոհում են ջրամատակարարման անհիմն ընդհատումներից։

Նա նշեց, որ խնդիրը քննարկվում է ոչ միայն քաղաքապետարանում, այլև փոխվարչապետի գրասենյակում և ամբողջ կառավարությունում։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հնարավոր է արդյոք նույն մոտեցումը կիրառել «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ, ինչ եղավ, օրինակ, «ՀԷՑ»-ի դեպքում, երբ սկսեցին քննարկել պետական վերահսկողության հարցը։

Թեև Ավինյանը ուղիղ չպատասխանեց, բայց պարզ հասկացրեց, որ եթե ֆրանսիական ընկերությունը չկարողանա ապահովել քաղաքին անհրաժեշտ ջրամատակարարում, հարցը կստանա քաղաքական նշանակություն։

Նշենք, որ Երևանի ջրային համակարգը կառավարում է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ վարձակալության հիմքով։ Ընկերությունը պատասխանատու է միայն ընթացիկ սպասարկման համար, իսկ մայրաքաղաքի խարխուլ ենթակառուցվածքների հիմնանորոգումը մնում է պետության ուսերին։ Սա է պատճառը, որ սակագնի սահմանափակ հնարավորությունների պայմաններում ներդրումային լուծումները մշտապես հետաձգվում են։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը վերանայում է «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները։