
Մեկ երկիր՝ երկու իրականություն. Երևանն ու մնացած Հայաստանը
2025 թվականի սկիզբի տվյալներով՝ Երևանի բնակչությունը կազմում է ավելի քան 1 միլիոն 141 հազար մարդ։ Սա երկրի ընդհանուր բնակչության շուրջ 37 տոկոսն է։ Փաստացի, Հայաստանի տարածքի միայն 0.75%-ի վրա ապրում է մեր հասարակության ավելի քան մեկ երրորդը։ Բայց խնդիրը միայն թվերը չեն։ Այդ նույն փոքր տարածքում կենտրոնացած է ոչ միայն բնակչությունը, այլ նաև տնտեսական ռեսուրսների և հնարավորությունների ճնշող մեծամասնությունը։
Երևանում տարեկան արտադրվում է երկրի ընդհանուր արտադրանքի կեսից ավելին՝ 62 տոկոսը։ Հենց այստեղ են գտնվում որակյալ բուժօգնությունը, կրթական հաստատությունները, աշխատատեղերի մեծ մասը, զարգացած ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները։ Մյուս կողմում՝ մարզերում, շատ գյուղեր և քաղաքներ պայքարում են գոյատևման համար։
Ի՞նչ է տեղի ունենում։ Մարդիկ հեռանում են իրենց համայնքներից ու գյուղերից՝ Երևանում ավելի լավ կյանքի, հնարավորությունների, կրթության և աշխատանքի հետևից։ Սա նոր երևույթ չէ, բայց վերջին տարիներին գործընթացը խորանում է։ Ներքին միգրացիան՝ մարզերից դեպի մայրաքաղաք, դարձել է շարունակական և վտանգավոր շրջան, սպառնալիք՝ ինչպես մարզերի ապագային, այնպես էլ Հայաստանի ռազմավարական կայունությանը։
Օրինակ, 2011-2022 թվականների ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում բնակչության քանակը նվազել է։ Միայն 9 քաղաքներում է գրանցվել աճ, այդ թվում՝ Աբովյանում (+2900), Հրազդանում (+2300), Չարենցավանում (+1700) և, իհարկե, Երևանում (+26,600)։
Բայց այս անհավասար պատկերը չի ավարտվում բնակչությամբ։ Տնտեսության մակարդակով էլ մայրաքաղաքն է «խաղի մեջ»։ Սյունիքը միակ մարզն է, որտեղ մի փոքր պատկեր է փոխվում՝ այստեղ հիմնականում հանքարդյունաբերության հաշվին արձանագրվում է արդյունաբերական լուրջ աճ։ Սակայն խնդիրն այն է, որ հանքերն աշխատում են, իսկ մարզի բնակչության մեծ մասն այդտեղ չի աշխատում։ Ընդհանուր արդյունաբերության 16.5 տոկոսը արտադրվում է Սյունիքում, բայց այնտեղ աշխատում է Հայաստանի բոլոր աշխատողների ընդամենը 4.3 տոկոսը։
Հետզհետե պարզ է դառնում, որ մարզերում ապրող մարդիկ շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն՝ բարձր արտադրողականությամբ զբաղվածություն, արժանապատիվ եկամուտներ կամ զարգացած ենթակառուցվածքներ ունենալու առումով։ Նման անհավասար զարգացումը խոչընդոտում է ոչ միայն մարզերի, այլ ամբողջ երկրի տնտեսական վերելքին։ Ավելին՝ աղքատությունն ու սոցիալական անարդարությունը դառնում են խթան ավելի մեծ տեղահանման ու հուսահատության։