ՀայաստանՍոցիալական

Մանկապարտեզների սննդակարգը վերանայվել է

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում փոխվել է սննդի կազմակերպման նորմատիվը։ Նպատակն է բարելավել երեխաների սննդակարգը և նվազեցնել վնասակար բաղադրիչների օգտագործումը։

Վերանայվել են սննդանյութերի և էներգիայի օրական պահանջները։ Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ՝ հաց, մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, հաճար, բլղուր։ Թարմ մրգերի, բանջարեղենի, չրերի և հատապտուղների քանակը նույնպես ավելացվել է։

Շաքարի օրական չափաքանակը կրճատվել է ավելի քան երկու անգամ։ Թույլատրվում է օգտագործել առավելագույնը հինգ գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք։ Խորտիկի համար պետք է տրամադրել միրգ կամ բանջարեղեն՝ առանց շաքարի։

Արգելվել է օգտագործել կրեմով հրուշակեղեն, շաքարային փոխարինիչներ պարունակող մթերք, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, այդ թվում՝ թեյ։ Թույլատրվում են միայն մրգային կամ յոգուրտային հիմքով աղանդեր, եթե դրանք պարունակում են առնվազն 50 տոկոս միրգ։

Օրական օգտագործվող աղի չափաքանակը ևս նվազեցվել է՝ կրկնակի։ Այլ համեմունքները թույլատրվում են միայն սահմանափակ քանակությամբ։

Նոր նորմատիվները պարտադիր են բոլոր պետական և համայնքային մանկապարտեզների համար։

Սեդա Մարտոյան