ՀայաստանՍոցիալական

29 տարվա անազատությունից հետո՝ արդյո՞ք Մհեր Ենոքյանը կրկին կվերադառնա բանտ․ դատախազությունը բողոքարկել է որոշումը

Չնայած նրան, որ 29 տարվա անազատությունից հետո Մհեր Ենոքյանը դուրս է եկել բանտից, Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ Այս պահին վերաքննիչ ատյանը սկսել է ուսումնասիրել դատախազության ներկայացրած բողոքը։

Ենոքյանը՝ երբեմնի ցմահ դատապարտյալը, ազատ էր արձակվել պայմանական վաղաժամկետ կարգով՝ հաշվի առնելով պատիժ կրելու տարիները, վարքի գնահատականները և արդարադատության համակարգում կիրառվող իրավական ընթացակարգերը։

Ենոքյանը բանտարկվել էր 1996 թվականին՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով։ Ըստ դատավճռի՝ նա և Արամ Հարությունյանը նախապես պայմանավորվել էին սպանության մասին, որն իրականացվել էր շահադիտական նպատակներով։ Դիակի տեղը հայտնած մեղադրյալները դրա դիմաց պահանջել էին նաև 20,000 դոլար՝ զոհվածի ծնողներից։

Մհեր Ենոքյանը սկզբում դատապարտվել էր մահապատժի, սակայն 2003-ին՝ երբ Հայաստանը վերացրեց մահապատիժը, նրա պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման։ Նա այդ ընթացքում մշտապես պնդել է՝ մեղավոր չէ, և տարիներ շարունակ պայքարել է արդարացման կամ ազատ արձակման համար։ 2022 թվականից պատիժը կրում էր բաց ռեժիմով։ Թեև դատարանը որոշել է ազատել նրան՝ որպես վերասոցիալականացված դատապարտյալի, հասարակության մեջ այս որոշումը միանշանակ չի ընկալվում։

Ենոքյանի պաշտպանները հակադարձում են՝ նա տարիներ շարունակ անբասիր վարք է դրսևորել, ստեղծագործել է բանտում, ունի բարձրագույն կրթություն և մնում է հավատարիմ իր խոսքին՝ «ես անմեղ եմ»։ Այս պահին գործը նորից մտել է դատարան, և վճիռը կարող է փոխվել։ 2018 թվականին 22 տարի բանտում գտնված Մհեր Ենոքյանը պաշտպանել է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ» թեմայով դիպլոմային աշխատանքը՝ ավարտելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը։ Սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ դատապարտյալն իրավաբան է դարձել։