ՀայաստանՍոցիալական

Սամվել Կարապետյանի գործը կարող է ստանալ միջազգային պաշտպանություն

Ավստրալա-բրիտանացի հեղինակավոր իրավաբան, միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (KC) իր մտահոգությունն է հայտնել գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված քրեադատավարական խիստ միջոցների կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։

Հայտարարության համաձայն՝ Ռոբերտսոնը կասկածի տակ է դրել Կարապետյանին կալանավորելու իրավական հիմքերն ու գործընթացի օրինականությունը։ Նրա գնահատմամբ՝ կալանավորման վերաբերյալ դատարանների կայացրած որոշումները ոչ միայն բավարար չափով չեն հիմնավորվել, այլև հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային ստանդարտներին։ Ռոբերտսոնը նշել է, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստարկները «սին և անբավարար» են եղել։

Ներկայումս քննարկվում է Ջեֆրի Ռոբերտսոնի մասնակցությունը Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպանական թիմի աշխատանքին։ Նշվում է, որ Ռոբերտսոնը դիտարկում է հնարավոր մասնակցություն միջազգային իրավական գործընթացներին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացմամբ։

Բացի այդ, հնարավոր է, որ այս գործին հետագա փուլերում ներգրավվի նաև հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին, ում հետ Ռոբերտսոնը նախկինում համագործակցել է Հայոց ցեղասպանության ժխտման գործով՝ ներկայացնելով Հայաստանի շահերը։

Ջեֆրի Ռոբերտսոնը հանդիսանում է Լոնդոնում գործող «Doughty Street Chambers» իրավաբանական ընկերության հիմնադիր ղեկավարն ու գործընկերը։ Նա միջազգային հեղինակություն ունի որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ և բազմիցս հանդես է եկել Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գնահատականներով։

Պաշտպանական թիմը նախատեսում է իրավական գործընթացները տեղափոխել նաև միջազգային հարթակներ՝ միջազգային կազմակերպությունների և դատարանների առաջ իրավական բողոքներ ներկայացնելով։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է ծանր հոդվածներով առաջադրված մեղադրանքի հիմքով։ Նրա պաշտպանները պնդում են, որ գործն ունի քաղաքական բնույթ, իսկ կալանքի կիրառումը խախտում է նրա հիմնարար իրավունքները։

Սեդա Մարտոյան