
Երևանցին ջուր չունի. ո՞ւր է հոսում խմելու ջուրը
Ամռան այս տապին, երբ ջերմաստիճանը նոր ռեկորդներ է սահմանում, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ջուր չկա։ Նոր Նորքից մինչև Ջրվեժ, Բանավանից մինչև Քանաքեռ-Զեյթուն, մարդիկ օրեր շարունակ սպասում են ջրով լի ծորակների, մինչդեռ ծորակից ջուրն այդպես էլ չի գալիս։
Ջրամատակարարմամբ զբաղվող «Վեոլիա Ջուր» ընկերությունն արդեն խոստովանել է՝ Երևանում մի շարք թաղամասեր ջրամատակարարման տեսանկյունից խոցելի են։ Ըստ ընկերության՝ պատճառը եղանակն է՝ աննախադեպ շոգը, ինչը բերել է ջրի սպառման կտրուկ աճի։ Մարդիկ խմելու ջրով են պարտեզներ ջրում՝ ոռոգման համակարգերի բացակայության պատճառով։
Սակայն խնդիրը միայն եղանակը չէ։ «Վեոլիա Ջուր»-ը բացատրում է, որ վերոնշյալ թաղամասերը սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարից։ Տեխնիկապես այլընտրանք չկա՝ մյուս աղբյուրներից այս տարածքներ ջուր մղելը գրեթե անհնար է։ Այսինքն՝ եթե այդ ջրատարում ճնշումը ցածր է կամ ջուրը պակաս, թաղամասը պարզապես մնում է առանց ջրի։ Բայց հարցերը միայն օդերևութաբանական չեն։ Հանձնաժողովը, որը վերահսկում է ընկերության աշխատանքը, խոստովանում է՝ Երևանը տարիների ընթացքում մեծացել է, բայց ջրատարները՝ ոչ։ Քաղաքում ավելացել են հազարավոր նոր շենքեր, սակայն ջրի ծավալը մնում է նույնը։ Մարդիկ ավելացել են, բայց ջուրը՝ ոչ։ Եվ այդ համատեքստում բնական է, որ ջուրը շատերի տուն պարզապես չի հասնում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հավաստիացնում է՝ «ոչ մի ընկերություն չի կարող դուրս մնալ պետության վերահսկողությունից»։ Նա ընդգծում է, որ թեև «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի հանդիսանում ջրամատակարարման համակարգի սեփականատեր, սակայն ընկերությունը պարտավոր է կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ ապահովել ջրի մատակարարման գրաֆիկը, արագ վերացնել վթարները, պատշաճ արձագանքել քաղաքացիների դժգոհություններին։
Ըստ պաշտոնյայի՝ համակարգը ֆիզիկապես մաշված է, տարիներ առաջ այն փոխանցվել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ կառավարելու պայմանով։