
100-ից ավելի ընտանիք կարող է մնալ առանց եկամտի. Աբովյան փողոցից դուրս են բերում վարորդների՝ տարիներով ստեղծված աշխատանքը
Այս օրերին Հանրապետության հրապարակում հնչում են բողոքի ձայներ ոչ թե հերթական քաղաքական, այլ սոցիալական խնդրի շուրջ։ Զբոսաշրջային ծառայություններ մատուցող վարորդները հավաքվել են կառավարության դիմաց՝ իրենց աշխատանքի կորստի մտահոգությամբ։ Պատճառը հուլիսի 23-ից Աբովյան փողոցի որոշ հատվածներում կայանելու արգելքն է, որը սահմանել է Երևանի քաղաքապետարանը։ Այդ տարածքն, ըստ վարորդների, տարիներ շարունակ եղել է զբոսաշրջիկների հետ կապ հաստատելու և ծառայություններ առաջարկելու հիմնական կետը։
Ես 2010-ից այս գործով եմ ապրում։ Տեսել եմ՝ որտեղ են տուրիստները, ինչ են ուզում։ Էսքան գովազդ, էսքան ջանք, բոլորը մեր ներդրումն են։ Եթե էս տեղից հանեք մեզ, ու՞ր գնանք,– ասում է վարորդ Գուրգեն Դոլունցը։
Քաղաքապետարանը առաջարկել է վարորդներին տեղափոխվել Շահումյանի հրապարակ կամ հարակից տարածքներ, սակայն վարորդները վստահ են՝ այնտեղ տուրիստը չի հասնի։ Ըստ նրանց՝ առաջարկած վայրը պարզապես չի աշխատի, ինչպես հաճախորդ ունեցող խանութը փակելն ու տեղափոխելը մի բակ, որտեղ ոտք անգամ չեն դնում։
Բողոքի դուրս եկած վարորդները վստահ են՝ սա պարզապես կայանման փոփոխություն չէ, այլ փոքր բիզնեսը մեծ խաղացողներից մաքրելու փորձ։ Նրանք անգամ սկսել են ստորագրահավաք՝ դիմելու թե՛ քաղաքապետարանին, թե՛ կառավարությանը։ Հարցը, նրանց խոսքով, առնչվում է ավելի քան 100 ընտանիքի, որոնց ապրուստի միակ աղբյուրը զբոսաշրջային այս աշխատանքն է։
Վարորդները պահանջում են հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մինչ այժմ նրանց ընդունել են միայն միջին օղակի պաշտոնյաներ։