ՀայաստանՍոցիալական

2020 թվականի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով ևս 7 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում կազմակերպված զանգվածային անկարգությունների գործով հայտնաբերվել են նոր մեղադրյալներ։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է ևս 7 անձի ինքնությունը, ովքեր մասնակցել են անկարգություններին՝ վնասելով պետական շենքեր, կատարելով գույքի և փաստաթղթերի հափշտակություն։

Նախաքննությամբ պարզվել է, որ անկարգությունների ժամանակ մասնակիցները ներխուժել են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատուն, որտեղից հափշտակել են առանձնապես խոշոր արժեք ունեցող գույք, ոսկյա զարդեր, դրամական միջոցներ և պաշտոնական փաստաթղթեր։

Քննության արդյունքում՝ 2025-ի հունիս-հուլիս ամիսներին, պարզվել է հետևյալ անձանց ինքնությունը՝ Ա.Կ., Հ.Թ., Հ.Ս., Վ.Ե., Վ.Գ., Յ.Ա. և Կ.Վ., որոնցից վեցը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու համար (ՔՕ 327-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ Կ.Վ.-ն նաև կողոպուտ կատարելու համար (ՔՕ 253-րդ հոդվածի 2-րդ մաս, կետ 2)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և երկիրը լքելու արգելք։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Սեդա Մարտոյան