ՀայաստանՍոցիալական

Հայաստանում բենզինի գինը ամենաբարձրն է ԱՊՀ երկրների ցանկում

Հայաստանում բենզինի գինը շարունակում է ամենաթանկը լինել ԱՊՀ երկրների ցանկում։ Ըստ globalpetrolprices-ի Հայաստանում բենզինի գինը (ԱԻ 95 (Պրեմիում)) 531 դրամ է։

Տնտեսագետ, գիտությունների թեկնածու Նարեկ Կոստանյանը նշում է, որ ներմուծողները այդ գինը հիմնավորում են առքի գնով, նաև տրանզակցիոն ծախսերով (գործարքների/գործողության իրականացման ընթացքում առաջացող ծախսեր) և իրենց շահույթի մարժայով։

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում բենզինի գինը ամենաբարձրն է։ Չդիտարկելով Իրանին (այնտեղ բենզինի գինը կազմում է 11 դրամ)՝ հարևան երկրներից բենզինի արժեքով ամենամոտը Թուրքիան է (483 դրամ)։ Վրաստանի հետ մոտ 80 դրամի տարբերություն կա (434 դրամ)։

Գնի կարգավորման ու բենզինի գին սահմանելու մասին Կոստանյանը հավելեց, որ «խաղացողները» համաձայնության թիվ են սահմանում։

Այն հարցին, թե արդյոք բենզինի նման գինը պայմանավորված է նաև մեծմասամբ Ռուսաստանից ու Իրանից բենզինի ներկրմամբ, տնտեսագետը պատասխանեց, որ կարևոր է այս պարագայում դիտարկել մոտակա երկրներին, քանի որ հեռու երկրների ներմուծելն ավելի թանկ կլինի։ Կարող ենք նավթ արտահանող երկրներից ներմուծել, հիմնականում Ռուսաստանից և Արաբական երկրներից։

Կոստանյանը այս համատեքստում կարևորեց նաև դրամի արժևորումը։

Աշխարհում բենզինի գինն ամենաբարձրը Հոնկոնգում է՝ 1282 դրամ, ամենացածրը Իրանում՝ 11 դրամ։