ՀայաստանՍոցիալական

Ի՞նչ պետք է իմանա ուղևորը Երևանում տրանսպորտից օգտվելիս

Երևանում հանրային տրանսպորտի վճարման կարգը մտել է նոր՝ ավելի խիստ փուլ։ Դեռ երկօրյա թեստային փուլում հսկիչներն արդեն սկսել են շրջել մայրաքաղաքի երթուղիներով՝ ստուգելով, թե արդյոք քաղաքացիները վճարել են ուղեվարձը։ Հսկողության նոր մեխանիզմները միտված են մեկ նպատակի՝ ձևավորել քաղաքացու պատասխանատու վարքագիծ։

Նոր կանոններով, ուղևորն ուղևարձը պետք է վճարի կամ վավերացնի մեկ րոպեի ընթացքում։ Եթե նա օգտվում է զեղչված կամ անվճար ուղետոմսից և չի վավերացնում այն տրանսպորտում, կտուգանվի 3000 դրամով։ Եթե ուղետոմս չունի՝ 10․000 դրամով։ Իսկ եթե զեղչված կամ անվճար փաթեթը տրամադրվել է, օրինակ, կենսաթոշակառուին, բայց դրանից օգտվում է մեկ այլ անձ, տուգանքը կազմում է 15․000 դրամ։

Տրանսպորտային հսկիչները զինված են համապատասխան սարքերով, որոնցով պարզում են՝ ուղևորն արդյոք վճարել է, թե ոչ.

Բայց տրանսպորտային սպասարկման որակը դեռ չի հասել ցանկալի մակարդակին։ Քաղաքապետարանը խոստովանում է՝ առանց լրացուցիչ 240 նոր, 18 մետրանոց ավտոբուսների՝ հնարավոր չէ հասնել իրական բարելավման։ Իսկ դրանց ձեռքբերումը դեռ հստակ ժամկետ չունի։

Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ուղևոր

— Տոմսը պետք է վավերացվի 1 րոպեի ընթացքում՝ տրանսպորտ մուտք գործելու պահից։
— Անվճար կամ զեղչված տոմսը չվավերացնելու դեպքում՝ 3000 դրամ տուգանք։
— Անվճար առանց տոմսի երթևեկելու դեպքում՝ 10․000 դրամ տուգանք։
— Այլ անձի անվճար փաթեթով երթևեկելու դեպքում՝ 15․000 դրամ տուգանք։