
11 միլիարդ դրամի ներդրում կիրականացնի «Վեոլիա Ջուր» ընկերությունը
Հայաստանում ջրի պակասի խնդիրն ամեն օր ավելի տեսանելի է դառնում, և այս համատեքստում կարևոր նորություն կա. «Վեոլիա Ջուր» ընկերությունը և ՀՀ Ջրային կոմիտեն պատրաստվում են իրականացնել շուրջ 11 միլիարդ դրամի ներդրում։ Այն ուղղված է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանը։ Նպատակն է նվազեցնել ջրի կորուստները և բարելավել մատակարարման որակը, հատկապես մայրաքաղաքում և հարակից համայնքներում։
Հուլիսի 16-ին ստորագրվել է նոր համաձայնագիր, որով վերանայվել է նախկին վարձակալության պայմանագիրը։ Փոփոխությունների հիմնական առանցքը ներդրումների ծավալի զգալի աճն է և դրանց համատեղ իրականացումը։ Այժմ արդեն ծրագրում է ընդգրկվել ոչ միայն Վեոլիայի կողմից պարտադիր իրականացվող կապիտալ վերանորոգումները, այլ նաև պետության կողմից ֆինանսավորվող աշխատանքներ։
Նոր ծրագրի շրջանակում մասնակի հիմնանորոգում կկատարվի ջրամատակարարման ներքին ցանցերում։ Սա նշանակում է՝ կփոխարինվեն վնասված խողովակները, կկանոնակարգվեն մատակարարման գրաֆիկները, և ամենակարևորը՝ կնվազեն ցանցում տեղի ունեցող ջրի կորուստները։
Ըստ գնահատականների՝ վերանորոգումների շնորհիվ հնարավոր կլինի ցանցին ավելացնել օրվա ընթացքում ևս 270 լիտր ջուր վայրկյանում, ինչը էական տարբերություն է՝ հատկապես տարվա երաշտային ամիսներին։
Վերջին տարիներին Հայաստանը կանգնած է ջրային ռեսուրսների կտրուկ նվազման խնդրի առաջ։ Այս ներդրումները՝ թե ֆինանսական, թե տեխնիկական առումով, ոչ միայն բարելավում են առկա համակարգը, այլև իրականում կանխում են խորը ջրային ճգնաժամը՝ գոնե մայրաքաղաքում և մերձակա բնակավայրերում։
Ծրագիրը կիրականացվի 2025-2026 թվականներին, ու թեև արդյունքներն միանգամից զգալի չեն լինի, բայց երկարաժամկետ առումով կարող են փոխել ջրային իրավիճակը։