
Հայ բնապահպանները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
«Հայաստանի կլիմայական արդարություն» նախաձեռնությունը և շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ կապված Ադրբեջանում իրականացվող COP29 կլիմայական համաժողովի հետ։ Ակցիայի խորագիրն էր «Stop Greenwashing Genocide!» («Վերջ տվեք էկոլոգիայի քողարկմամբ ցեղասպանությանը»)։
Մասնակիցների ելույթները հիմնականում ուղղված էին հայ գերիների ազատ արձակմանը, Արցախում իրականացված էթնիկ զտումներից և այլն։ Առանձին ելույթ է ունեցել նաև Գրետա Թունբերգը, ով նույնպես դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։ Լրագրողներին տված ճեպազրույցում շվեդ էկոակտիվիստը նշել է, որ կմասնակցի 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP16-ին։
Բողոքի ակցիայի վերջում մասնակիցները կարմիր են ներկել իրենց ձեռքերը և դրանցով ներկել փակցված պաստառը։ Այնուհետև նրանք իրենց ստորագրություններով նամակը փոխանցել են ՄԱԿ-ի գրասենյակ։ Նամակի մեջ նրանք անդրադարձել են Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին, պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը և էկոլոգիական հանցագործություններին՝ պահանջելով ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել էր մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին։ Արդեն մի քանի օր է, ինչ նա գտնվում է Հայաստանում։ Երեկ նա այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։