ՀայաստանՍոցիալական

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է նոր վերգետնյա հետիոտնային անցում

Երևանի հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ մեկնարկել է նոր վերգետնյա հետիոտնային անցման կառուցումը, որը զգալիորեն կբարձրացնի հետիոտների անվտանգությունը և կթեթևացնի երթևեկությունը Մ-4 միջպետական ճանապարհի այս հատվածում։ Կառուցումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Նախագծի համաձայն՝ անցման թռիչքային հատվածի երկարությունը կազմելու է 19 մետր 50 սանտիմետր, ընդհանուր երկարությունը՝ 39 մետր, բարձրությունը՝ 5 մետր 10 սանտիմետր։ Կառույցը կունենա 1,5 մետր լայնություն, ինչը թույլ կտա հետիոտներին հարմար և անվտանգ անցում կատարել՝ առանց երթևեկող մեքենաների հետ խաչվելու։

Այս հատվածում վթարների ռիսկը միշտ էլ բարձր է եղել, քանի որ Մ-4 միջպետական ճանապարհը քաղաքի սահմաններից դուրս է գալիս դեպի հիմնական մայրուղիներ, իսկ ավտոկայանի մոտ հետիոտների հոսքը մեծ է։ Վերգետնյա անցման կառուցումը միտված է նվազեցնել վտանգավոր իրավիճակները և բացառել դեպքեր, երբ հետիոտները ստիպված են լինում վտանգավոր հատվածում անցնել ճանապարհը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդմամբ՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված գրաֆիկով։ Կառույցի շահագործումը նախատեսվում է ավարտելուց անմիջապես հետո բացել քաղաքացիների համար։

Սեդա Մարտոյան