
Պարզ վթարների դեպքում նոր կարգ է սահմանվում վարորդների համար․ օրենքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից
Սեպտեմբերի 1-ից պարզ վթարների դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս վարորդները ստիպված չեն լինի երկար մնալ ճանապարհի բանուկ հատվածում։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հայտարարում է, որ նոր կարգը կնվազեցնի խցանումները և կխնայի վարորդների ժամանակը։
Ըստ փոփոխության՝ դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով պետք է միայն լուսանկարել մեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի։ Դրանից հետո վարորդները պետք է արագ ազատեն ճանապարհը և և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։
Օրենքի փոփոխությամբ սահմանվում է, որ պատահարից հետո ճանապարհը պետք է ազատել 20 րոպեի ընթացքում, հակառակ դեպքում հնարավոր են տուգանքներ։ Ավտոապահովագրողների բյուրոն վստահեցնում է, որ ԱՊՊԱ համակարգի բարեփոխումները շարունակական են և միտված են այն դարձնել առավել արդյունավետ, սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս լուծումը իրապես կթեթևացնի վարորդների կյանքը, թե կավելացնի նոր անհարմարություններ։
Ավելի վաղ հայտնել էինք վարորդների համար նախատեսված «Ավտոապահովագրական մեկ պատուհան» (ASWA) հավելվածը, որը պետք է պարզեցնի վթարային տվյալների փոխանցման գործընթացը, ամբողջությամբ պատրաստ կլինի 2026-ի հունվարի 1-ից։ Հավելվածում կարևոր փոփոխություն է լինելու վարորդների նույնականացման համակարգի ներդրումը։ Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ հավելվածն ամբողջությամբ գործելու դեպքում վարորդներից կպահանջվի առավելագույնը 5 րոպե՝ տվյալները համակարգ ներբեռնելու համար: