
21 հայկական ընկերություն ստացել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու թույլտվություն
Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերություններից 21-ը ստացել է Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու թույլտվություն՝ անցնելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և ՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի համատեղ ստուգումները։
Վերջին մեկուկես ամսում երկու կառույցների մասնագետ-տեսուչները առցանց տեսահսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանի ծաղկարտադրող ջերմոցային տնտեսություններում։ Ընդհանուր առմամբ ստուգվել է 47 ընկերություն՝ 105,4 հա ընդհանուր տարածքով։ Դրանցից 21 ընկերություն, որոնք զբաղեցնում են 85,7 հեկտար, բավարարել են բոլոր պահանջները և ստացել արտահանման արտոնագիր։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգումները շարունակվում են, և առաջիկայում սպասվում է արտահանման նոր թույլտվությունների տրամադրում։