
Լարսը փակ է մեծ բեռնատարների համար
Օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով ժամը 08:00-ից արգելվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Վլադիկավկազ–Լարս ճանապարհահատվածում՝ երկու ուղղություններով։ Արգելքը պայմանավորված է Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման և վերանորոգման աշխատանքներով, որոնք անհնար են դարձնում ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումը։ Ճանապարհը ժամանակ առ ժամանակ սահմանափակվելու է նաև ավտոմեքենաների և ավտոբուսների համար՝ 30 րոպեանոց ընդմիջումներով։
Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումը կատարվել է Վրաստանի սահմանային ոստիկանության հանձնարարականով։
Վրաստանի տարածքում բեռնատարների անցումը սահմանափակված է մինչև այսօր ժամը 19:00-ն։ Տեղական Telegram ալիքների տեղեկացմամբ՝ մեքենաների հերթը հասնում է մինչև 2.2 կմ։