
Ռուսաստանում մասնակի սահմանափակվել են Telegram–ի և WhatsApp–ի զանգերը․ ինչպե՞ս կապվել այնտեղ բնակվող հարազատների հետ
Ռուսաստանում մասնակիորեն սահմանափակվում են զանգերի հնարավորությունները Telegram և WhatsApp մեսենջերներում՝ հանցագործություններին հակազդելու նպատակով։ Այս մասին իմանում ենք Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունից (Ռոսկոմնադզոր)։ Ավելի վաղ Amnews-ը Հայաստանի քաղաքացիներից տեղեկություններ էր ստացել այն մասին, որ օգոստոսի 10-11-ը Telegram և WhatsApp հավելվածներով Ռուսաստանում բնակվող իրենց հարազատների հետ չեն կարողացել կապվել․ արձանագրվել են զանգերի խափանումներ։
Ռոսկոմնադզորի տվյալներով՝ իրավապահ մարմինների և քաղաքացիների դիմումների հիման վրա պարզվել է, որ այս հարթակները դարձել են հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են խաբեության, գումար շորթելու, ինչպես նաև դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ քաղաքացիներին ներգրավելու համար։ Վարչական մարմնի պնդմամբ՝ մեսենջերների սեփականատերերը անտեսել են իրենց պահանջները, որի պատճառով երկրի ղեկավարությունը սահմանափակել է այդ հարթակների գործունեությունը։
Նախքան այս դեպքը, Forbes–ը, հղում անելով կառավարության իր աղբյուրին, հայտնել էր, որ Ռուսաստանը իր՝ «ՄՏՍ», «Մեգաֆոն», «Բիլայն» և «Tele2», բջջային օպերատորներին առաջարկել են արգելափակել զանգերը արտասահմանյան մեսենջերներում։
Ավելի վաղ Ռուսաստանում արգելափակվել էին «Facebook» և «Messenger»-ը, «Instagram»-ի բազմաթիվ ֆունկցիաները, իսկ «Signal»-ը հասանելի է VPN-ով։ Դեռևս արգելված չեն «Viber» և «IMO» հավելվածները։ Արգելափակումները երկրի տարածքում սկսվել էին Ուկրաինայի հետ պատերազմից հետո (2022 թվական)։