
Սեպտեմբերից նպաստների վճարումը կդառնա ինքնաշխատ․ քաղաքացին այլևս փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա
Սեպտեմբերից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները այլևս չեն նշանակվի գործատուի կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։
Ամբողջ գործընթացը կանցնի Միասնական սոցիալական ծառայության համակարգ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նոր կարգի համաձայն՝ նպաստների նշանակումն ու հաշվարկումը կկատարվի ինքնաշխատ եղանակով՝ օգտագործելով էլեկտրոնային առողջապահական համակարգում և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալները։ Այսպիսով, քաղաքացին որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի ունենա։
Գործող կարգով վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որը հաշվարկում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը, ապա ստանում պետական բյուջեի կողմից փոխհատուցում։ Իսկ անհատ ձեռնարկատերերը նույն նպատակի համար դիմում էին Միասնական սոցիալական ծառայություն՝ ներկայացնելով ոչ միայն անաշխատունակության թերթիկ, այլև եկամուտների վերաբերյալ տվյալներ։
Սեպտեմբերից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի և քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում, օրինակ՝ օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար։