ՀայաստանՍոցիալական

Բռնի տեղահանված արցախցի ուսանողները չեն ստանում պետական աջակցություն 2025/26 ուստարում

2025-2026 ուսումնական տարում Հայաստանի բուհեր ընդունված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները զրկված են ուսման վարձի փոխհատուցման ծրագրերից։ 

Մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ և ընդառաջել 2025-2026 ուստարում ընդունված ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը։

ՀԿ-ները հիշեցնում են, որ 2023 թվականից գործարկված ծրագրերը նախատեսված էին ԼՂ-ից բռնի տեղահանված ու մինչև 2024-2025 ուստարում ընդունված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման համար։ Սակայն նոր ընդունված ուսանողների վրա այս ծրագրերը չեն տարածվում, ինչի հետևանքով նրանք հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում։

Հայտարարության հեղինակները շեշտում են, որ արցախցի ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը շարունակաբար վատթարանում է, իսկ պետական աջակցության ծրագրերի կրճատումները ստեղծում են այնպիսի պայման, որ ուսման վարձի վճարումը սեփական միջոցներով դառնում է անհնարին։

ՀԿ-ների համոզմամբ՝ ծրագրի շարունակականությունն ու ընդլայնումը կենսական նշանակություն ունի, քանի որ այն կապահովի բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունը, կօգնի նրանց սոցիալական ինտեգրմանը և կերաշխավորի հավասար հնարավորություններ կրթության ոլորտում։

Սեդա Մարտոյան