ՀայաստանՍոցիալական

Ծաղկեգործների բողոքը շարունակվում է. նոր պահանջները դժվարացնում են արտահանումը

Արդեն մի քանի օր է՝ ծաղկեգործները դուրս են գալիս փողոց և կառավարությունից պահանջում են պարզաբանում ծաղիկների արտահանման դժվարությունների վերաբերյալ։

Վերջիններս նշում են, որ իրենց ծաղիկները փչանում են, սակայն արտահանում չեն կարողանում իրականացնել, տեսչական մարմինն էլ չի պարզաբանում պատճառները։ 

Հուլիսի 15-ին Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը փակ հանդիպում ունեցավ տնտեսվարողների հետ, որտեղ էլ ներկայացրեց պատճառները։ 

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի արտահանվող ապրանքները համապատասխանեն իրենց ստանդարտներին։ Նա ընդգծեց, որ պայմանները բոլորի համար նույնն են, և նոր կարգավորումները կապված են վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի հետ։ Միևնույն ժամանակ, տնտեսվարողները պնդում են, որ ծաղիկների արտահանման հետ կապված չկան խնդիրներ և իրենք կարող են Ռուսաստան արտահանել այն։ Եթե լինեն հիվանդություններ կամ խախտումներ, ամբողջ խմբաքանակը տեղում կարող են ոչնչացնել։

Պետրոսյանը պարզաբանեց, որ ապրանքը նորից ստուգվելու է,և միայն դրանից հետո կտրվեն բուսասանիտարական սերտիֆիկատներ՝ արտահանման համար։

Բացի վնասատուների և հիվանդությունների խնդիրը, ռուսական կողմը նշում է նաև, որ նախկինում արտահանումները հաճախ կատարվել են ոչ իրական ընդունող կազմակերպությունների անուններով, ինչը ևս խնդիր է իրացման տեսանկյունից։

Ուստի հիմա սահմանվել է խիստ վերահսկողություն։ Այս խոչընդոտների արդյունքում ծաղկեգործները, ովքեր վարկեր էին վերցրել և չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը, շարունակելու են դուրս գալ փողոց՝ պահանջելով պետության աջակցությունը։

Սեդա Մարտոյան