
Արցախցիները դիմել են ԵԱՀԿ-ին՝ կանխելու Մինսկի խմբի լուծարումը
Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության անունից դիմում է ներկայացվել ԵԱՀԿ մասնակից պետություններին՝ պահանջով կանխել Մինսկի խմբի լուծարումը։ Տեքստը հրապարակվել է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։
Դիմումում ընդգծվում է, որ Մինսկի խումբը տասնամյակներ շարունակ եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը, և դրա լուծարումը՝ առանց արցախահայության ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, նշանակում է անտեսել նրանց ձայնը։
Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում կիրառել վետոյի իրավունք, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար,– նշված է դիմումում։
Արցախցիները նաև հիշեցնում են, որ Մինսկի խմբի լուծարումը հակասում է դրա մանդատին (հաստատված 1995 թվականի մարտի 23-ին) և ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթին։
Դիմումի հեղինակները ԵԱՀԿ-ին կոչ են անում գործել կազմակերպության հիմնարար սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան՝ նշելով, որ պատրաստ են կառուցողական համագործակցության։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականի մարտին՝ ԵԱՀԿ (այն ժամանակ՝ ԵԱՀԽ) Մինսկի համաժողովի որոշմամբ։ Խումբը սկզբում ուներ 11 անդամ-պետություն, իսկ 1997-ից համանախագահությունը հանձնվեց ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնք երկար տարիներ վարում էին միջնորդական գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։