ՀայաստանՍոցիալական

Ավելի քան 90 հոգի տուգանվել են հանրային տրանսպորտի վճարման մեջ խախտումներ կատարելու համար

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ վերջին երկու օրերին հանրային տրանսպորտում տոմս չվճարելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և վճարումից խուսափելու համար կազմվել է մոտ 90 արձանագրություն։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տրանսպորտային միջոցներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտում վճարման կարգը խախտելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ Տուգանքի չափը կազմում է 3-ից 15 հազար դրամ։

Ավելի վաղ, հուլիսի 28-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի ծրագրային աշխատանքներն ավարտի փուլում են, ինչից հետո Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները կանցնեն համապատասխան դասընթացներ։