ՀայաստանՍոցիալական

Շենգավիթի տրոլեյբուսների «տունը» կվերակառուցվի․ ներդրվում է շուրջ 1 միլիարդ դրամ

Շենգավիթում գտնվող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական և վերանորոգման շենքերը, որոնք կառուցվել էին դեռևս 1950-ականներին, վերջապես կհիմնանորոգվեն։ Կառավարությունը հաստատեց նախագիծը, ըստ որի՝ ավերված ու վթարային վիճակում գտնվող շենքերը կվերականգնվեն։

Տասնամյակներով անուշադրության մատնված շենքերն այսօր վտանգավոր են․ տանիքը վնասված է, անձրևաջրերը ներս են հոսում, արտաքին պատերն ու սալիկապատումը քայքայված են։ Այս պայմաններում տրանսպորտային միջոցների սպասարկումն այլևս հնարավոր չէր։

Հիմնանորոգման համար ընդհանուր կներդրվի մոտ 955 միլիոն դրամ։ Դրանից հիմնական մասը՝ ավելի քան 936 միլիոն դրամ, ուղղվելու է շենքերի վերակառուցմանը, իսկ մնացածը՝ տեխնիկական և հեղինակային հսկողությանը։ Ֆինանսավորումը կտրամադրվի պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցներով․ այսինքն՝ հարկատուների համար լրացուցիչ բեռ չի առաջանալու։

Նախագծի կարևորությունը միայն շենքերի փլուզման վտանգը վերացնելը չէ․ Երևանի համար նախատեսվում է նոր շարժակազմ՝ տրոլեյբուսներ և էլեկտրաբուսներ։ Դրանք կարող են աշխատել միայն ժամանակակից, տեխնիկապես ապահովված կայաններում։

Այսպիսով, հին, ավերված «դեպոն» առաջիկա տարիներին վերածվելու է նորոգված և անվտանգ տարածքի, որը կծառայի ոչ միայն աշխատակիցների, այլև մայրաքաղաքի նոր՝ ավելի մաքուր և հարմարավետ տրանսպորտի համար։