
Ալավերդիում և հարակից համայնքներում հեղեղներից տուժածներին պետությունը ավելի մեծ փոխհատուցում կտա
Կառավարությունը փոխեց 2024-ի մայիսյան հեղեղումներից տուժածների փոխհատուցման կարգը։ Եթե նախկինում յուրաքանչյուր կորցրած քմ-ի դիմաց տրվում էր մոտ 148 հազար դրամ, ապա հիմա այդ գումարը դարձել է 180 հազար դրամ։
Պատճառը պարզ է․ Լոռու մարզի Ալավերդիում և հարակից համայնքներում այդ գումարով բնակարան գնել անհնար էր։ Պետությունը հասկացել է, որ նախկին գնահատականը շուկայական իրական գներից ցածր էր, ուստի նոր որոշումը պետք է մարդկանց հնարավորություն տա իսկապես նոր տուն գնել։
Նախագծով սահմանվել է ևս մի կարևոր պայման․ տուժածները կկարողանան բնակարան գնելու վկայագիրը օգտագործել միայն իրենց համայնքում։ Կառավարությունը վստահ է, որ այս ձևով հնարավոր կլինի կանխել գյուղերի և քաղաքների դատարկվելը։
Բացի այդ, փոխհատուցման դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է․ տուժածները ժամանակ ունեն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։
Հիշեցնենք, որ 2024-ի մայիսի 26-ի ուժեղ տեղատարափերից Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերը վերածվեցին աղետի գոտու։ Ջրհեղեղի հետևանքով զոհվեց 4 մարդ, տասնյակ ընտանիքներ մնացին առանց տանիքի։