ԱրցախՍոցիալական

Արցախցիները դադարեցնում են փողոցային պայքարը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ժամանակավորապես դադարեցնում են փողոցային պայքարը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը՝ ընդգծելով, որ որոշման պատճառը հասարակության աջակցության պակասն է։

Արցախցիները նաև լքելու են Երևանում գործող Արցախի ներկայացուցչության շենքը, որտեղից վերջին շաբաթներին համակարգվում էին ցույցերը և նստացույցերը։ Խորհրդի ներկայացուցիչը արձանագրել է, որ իրենց փորձերը՝ ներգրավելու Արցախի նախկին պատգամավորներին և խմբակցություններին, մեծ հաշվով ձախողվել են։ Մարգարյանը քննադատել է նաև Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերին՝ ընդգծելով, որ նրանք հաճախ խոսում են Արցախի մասին, բայց վերջին ակցիային գրեթե ներկա չեն եղել։

Հիշեցնենք՝ արցախցիները պահանջում էին լուծել սոցիալական, բնակարանային, գերիների վերադարձի և մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։ Սակայն վերջին օրերին կառավարությունից հնչող հայտարարությունները հիասթափեցրել են՝ հատկապես այն տեղեկությունը, որ այլևս չի նախատեսվում շարունակել բնակվարձի փոխհատուցման ծրագիրը։

Արցախցիների խորհուրդը նշում է՝ երբ վերականգնվի հանրային աջակցությունը, իրենք պատրաստ են վերադառնալ պայքարի հրապարակ՝ այս անգամ ավելի կազմակերպված և հետևողական։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով