ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիներին տարվա վերջին տնային խաղում

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիներին։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց հյուրերի կիսապաշտպան Վիլորումար Դավիդսենը 11-մետրանոցից։

Հայաստանի հավաքականը մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ։ Ամբողջ հանդիպման ընթացքում Հայաստանի ընտրանին 25 հարված կատարեց՝ մրցակցի 2 հարվածի դիմաց։ Հարվածներից 9-ը եղել է դարպասին։ Հավաքականը տիրում էր գնդակին խաղի 72 % ժամանակահատվածում։

Երկու տնային խաղում անընդմեջ Հայաստանի ազգային հավաքականը պարտվում է ու չի կարողանում գոլ հեղինակել։ Ֆարերյան կղզիները վերջին անգամ պաշտոնական խաղում հաղթել էր 2022 թվականին։

Հանդիպումից առաջ FAF և Red Eagles ֆան-շարժումները միասնական երթ իրականացրին ու պահանջեցին ՀՖՖ գործող ղեկավարության հրաժարականը։ Հանդիպման ընթացքում երկրպագուները ճայթուկներ օգտագործեցին։ Հանդիպման մրցավարը ստիպված եղավ հանդիպումը դադարեցնել։

Հայաստանի հավաքականը այս խաղում մարզում էր Սուրեն Չախալյանը, ով գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը D խմբում Լատվիայի հետ ունի 4 միավոր ու խփած/բաց թողած գոլերի տարբերությամբ է, որ Հայաստանի հավաքականը երրորդն է։ Ֆարերյան կղզիները այս հաղթանակից հետո բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ վաստակելով 6 միավոր։ Առաջինը Հյուսիսային Մակեդոնիան է 10 միավորով։

Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին տուրում կմրցի Լատվիայի ընտրանու դեմ։