
Ապագայի չեմպիոնը․ Դավիթ Սիմոնյանը գնում է դեպի նոր հաղթանակներ
2023 թվականը հայկական բռնցքամարտի համար աննախադեպ էր։ Երևանում անցկացվեց պատանիների աշխարհի առաջնությունն ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մեր բռնցքամարտիկները նվաճեցին 59 մեդալ։ Երկու տասնյակից ավելի չեմպիոններ ունեցանք, որից մեկը Դավիթ Սիմոնյանն էր։
Երիտասարդ մարզիկը, 11 տարեկանում սիրահարվելով բռնցքամարտին, գուցե, չգիտեր, որ տարիներ անց հայրենիքում կդառնա չեմպիոն՝ հնչեցնելով Հայաստանի պետական օրհներգը։

Դավիթը հիշում է չեմպիոնական երեկոն․
Շատ ուրախ էի։ Ինչպես ասում են, «քո տանը» չեմպիոն դառնալը հպարտություն էր։ Կարողացա հնչեցնել Հայաստանի պետական օրհներգը։ Այն ուրախություն էր բոլորի համար։ Հաղթանակից հետո չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Այն շատ կարևոր ու պարտավորեցնող հաղթանակ էր։
2024 թվականին Սիմոնյանը մոտ էր արդյունքը կրկնելուն, սակայն այն չհաջողվեց։ Բռնցքամարտիկը հիշել է այդ մենամարտն ու նշել, թե ինչը պակասեց իրեն ոսկե մեդալից։
Տեխնիկատակտիկական խնդիրներ էին։ Կարծում եմ, որ դա պակասեց ինձ մոտ։ Այս անգամ չստացվեց, բայց ուրախ եմ նաև արծաթե մեդալի համար։ Գալիք տարի կփորձեմ ավելի մեծ հաջողություն գրանցել արդեն մեծահասակների պայքարում։

Դավիթը հայկական բռնցքամարտի այն մարզիկներից մեկն է, որ կարողացել է դառնալ Հայաստանի 6-ակի չեմպիոն (ներառյալ՝ պատանիների ու երիտասարդների առաջնությունները)։ Հաջորդ տարի Սիմոնյանը հանդես կգա մեծահասակների պայքարում, որտեղ նորամուտը ցանկանում է ոսկով նշանավորել։
Ամենօրյա մարզումներն ավելի են մոտիվացնում երիտասարդ բռնցքամարտիկին։ Պատմում է, որ ինչպես բոլոր մարզիկները, այնպես էլ ինքը, ունեն թերություններ, որոնք լուծում է:

Ամեն մենամարտից հետո նայում ենք մեր մենամարտերը, որպեսզի թերությունները ուղղենք։ Դրանք թե՛ տակտիկական են, թե՛ ֆիզիկական։ Մարզիչս՝ ընկեր Վլադը, օգնում է խորհուրդներով ու հոգեբանորեն կարողանում է տրամադրել մեզ։
Մարզչի հոգեբանական աշխատանքը իր պտուղները տվել է, քանի որ Դավիթը պատմում է, որ ոչ մի վախ չունի ո՛չ ռինգ դուրս գալուց, ո՛չ էլ ռինգ բարձրանալուց առաջ։
Հայ մարզիկը մեծ նպատակներ է սահմանել իր առջև։ Նա իրեն միայն բռնցքամարտում է տեսնում։ Վստահ է, որ սա սկիզբն է։