ՀայաստանՍպորտ

Էջմիածնում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ հայ մարզիկները ոսկե մեդալներ նվաճեցին

Էջմիածնի՝ Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որտեղ հայ բռնցքամարտիկներից շատերը մրցաշարի հաղթողներ դարձան։ Խաչիկ Խաչատրյանին նվիրված բռնցքամարտի մրցաշարին մասնակցում էին նաև Շվեդիայի ու Վրաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները։

Մարզադպրոցի տնօրեն Ռոբերտ Պատուրյանը նշում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է այս մրցաշարը, ունեցել են 10-ից ավելի երկրների ազգային հավաքականները։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց նաև պատանիների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Սամվել Սիրամարգյանը։ Նա ծանր մենամարտ անցկացրեց, սակայն կարողացավ հաղթանակի նժարն իր կողմը թեքել։

Վերջերս երիտասարդների աշխարհի առաջնությունից բրոնզե մեդալով վերադարձած Ռաֆայել Ներսիսյանը ևս կարողացավ կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Սա նրա առաջին մենամարտն էր մեծահասակների պայքարում և լավ փորձ էր Հայաստանի առաջնությունից առաջ։

Խաչիկ Խաչատրյանի որդին՝ Արթուր Խաչատրյանը, ով մարզադպրոցի մարզիչներից է, նշում է, որ B դասի միջազգային մրցաշարը շարունակական է լինելու։ Հույս ունի, որ ամեն տարի էլ ավելի կկատարելագործվի, ավելի շատ երկրներ կմասնակցեն ու տարեցտարի կհասնեն նրան, որ A դասի մրցաշար դառնա։

Մրցաշարի ու իր սաների ցուցադրած մենամարտերի մասին խոսեց նաև Խաչիկ Խաչատրյանը։ Մարզիչը նշում է, որ շուրջ 12 երկրներից ցանկանում էին մասնակցել, բայց քանի որ մրցաշարը ավեի մեծ մասշտաբով ընդունելու հնարավորություն չի եղել, չեն եկել Հայաստան։