
Ռուսական մետալուրգիական ընկերությունը կգնի Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը
Ուրալի մետալուրգիական ընկերություններից մեկը մոտ է Երևանի «Փյունիկը» ձեռք բերելուն: Սրա մասին հայտնել է Legalbet-ը։
Սեպտեմբերին Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել էր ակումբը վաճառելու մտադրության մասին: Նա հայտնել էր՝ «գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելի»:
Սողոմոնյանը «Փյունիկի» սեփականատեր է դարձել 2017 թվականին. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն անհատույց նրան է փոխանցել ակումբի սեփականության բոլոր իրավունքները։
Ակումբն այդ ընթացքում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։
«Փյունիկը» երկրի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է։ Առաջնությունում տարել է 16 հաղթանակ, 8 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, 10 անգամ՝ Սուպերգավաթը։ Ակումբն այս պահին առաջնությունում 37 միավորով երրորդն է։