
Ծանրամարտի ԱԱ․ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի չեմպիոն
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը գերծանր քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը դարձավ չեմպիոն։
Պոկում վարժությունում Լալայանը երեք մոտեցումն էլ հաջող կատարեց։ Նախ, կարողացավ պոկել 206 կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ 5 կգ-անոց քայլ կատարեց։ Երրորդ մոտեցմամբ Լալայանը գլխավերևում պահեց 215 կգ ծանրաձողն ու նվաճեց փոքր ոսկին։
Հրում վարժությունում Լալայանն առաջին մոտեցմամբ 246 կգ ծանրաձողը բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ ծանրաձողը չենթարկվեց Լալայանին, սակայն երրորդ մոտեցումով, չնայած հրում վարժության բրոնզե մեդալին, ապահովեց երկամարտի ոսկին։ Երկամարտում 25-ամյա ծանրորդը 467 կգ արդյունք ցույց տվեց։
Բահրեյնի հավաքականի կազմում հանդես էր գալիս հայ ծանրորդ Գոռ Մինասյանը։ Նա երկամարտի 255 կգ արդյունքով չորրորդն էր (210 կգ +245 կգ)։
Լալայանը կարիերայում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց։ Սոֆիայում անցկացված Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում նա ևս կանգնեց պատվո հարթակի վերևում։ Նա աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր է։ Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ևս երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալ է նվաճել։