ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը 2024 թվականի արդյունքներից գոհ է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասուլիսի ընթացքում ամփոփել է 2024 թվականը։ Ըստ գլխավոր մարզչի՝ տարին մեդալաշատ էր ու հաջողված, քանի որ Հայաստանը 5 խոշոր մրցաշարի է մասնակցել։ Այդ մրցաշարերից 136 մեդալով են վերադարձել հայրենիք մարզիկները։ Ալավերդյանը հավելեց, որ տարին հաջող էր նաև այն պատճառով, որ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում։

Ասուլիսը հարթ չանցավ, քանի որ Ալավերդյանը դժգոհ էր  «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի ձևաչափից։ 2024 թվականին տարվա լավագույն մարզիչ էր դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Ալավերդյանը նշում էր, որ իր սաները 136 մեդալ են նվաճել այս տարի, օլիմպիական մեդալ բերել ու աշխարհի առաջնություն հաղթել, սակայն նա չի ճանաչվել լավագույնը։

Բացի դրանից՝ նա անդրադարձավ, թե ինչու հավաքականը վատ հանդես եկավ վերջերս Բահրեյնում ավարտված աշխարհի առաջնությունում։ Պատճառներից մեկը այն էր, որ մեկ մարզիկը տարվա ընթացքում 3 խոշոր մրցաշարի կարող է մասնակցել, իսկ մարզիկները չորրորդ անգամ էին մասնակցում։ Նա նշեց նաև Սիմոն Մարտիրոսյանի չմասնակցելու պատճառը։ Նա մրցումների վայր մեկնելուց 2 օր առաջ մեջքի ցավ է ունեցել։ Սակայն, 1 ամիս առաջ արդեն հաստատված է եղել նրա մեկնման օրը, և թռիչքի տոմսը, որը, ըստ Ալավերդյանի, ինքը պիտի վերադարձնի։

Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաև այս տարի արդյունքներ գրանցած մարզիկների մասին։ Տղաներից առանձնացրեց Գոռ Սահակյանին, ով վերջին մրցաշարի ընթացքում փոխել էր քաշային կարգը, բայց կարողացել էր իր անձնական ռեկորդը գերազանցել շուրջ 10 կգ-ով։ Աղջիկներից առանձնացրեց Ալեքսանդրա Գրիգորյանին՝ նշելով, որ նա շատ մոտ է օլիմպիական խաղերում մեդալ նվաճելուն, նույնը՝ նաև Գարիկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի ԱԱ–ն մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին և ավարտվել 15-ին։

Հայաստանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում ներկայացրել է 11 մարզիկ, որոնց թվում 9 տղամարդ է, 2 կին։ Նրանք են Գարիկ Չոլակյանը (61 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) Վարազդատ Լալայանը (109 +), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լալայանը՝ ոսկե։