ՀայաստանՍպորտ

Հայ գրոսմայստերները աշխարհի կայծակնային շախմատի մրցանակակիրների շարքում են

Նյու Յորքում ընթացող աշխարհի կայծակնային շախմատի տղամարդկանց առաջնությունում հայ գրոսմայստերները ավարտեցին իրենց մրցելույթները։ Կայծակնային շախմատի չեմպիոններ են դարձել աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին։ Կանանց պայքարում հաղթեց չինացի գրոսմայստեր Ցզյու Վենցզյունը:

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան հայտնել է, որ տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 11-13-րդ հորիզոնականները:

Կանանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 14-24-րդ հորիզոնականները:

Բոլոր մասնակից հայ շախմատիստները գրանցել են հետևյալ արդյունքները․ Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր, Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր, Կարեն Գրիգորյան՝ 6.5 միավոր, Զավեն Անդրիասյան՝ 6.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր, Արամ Հակոբյան՝ 6 միավոր, Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր, Էմին Օհանյան՝ 4.5 միավոր, Էլինա Դանիելյան՝ 7 միավոր, Աննա Սարգսյան՝ 6.5 միավոր, Մարիամ Մկրտչյան՝ 5.5 միավոր։