ՀայաստանՍպորտ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի․ ո՞վ է նա

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուց հետո ակումբը նոր սեփականատեր ունի։ Իսպանիայի քաղաքացի Անտոն Ֆարբերը դարձել է հայկական ամենատիտղոսակիր ակումբի նոր սեփականատերը։ Սրա մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անտոն Ֆարբերը երկար տարիների փորձ ունի որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է:

Ակումբն իր հաղորդագրության մեջ նշել է, որ նոր սեփականատերն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը։ Դրանք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։

2024 թվականի սեպտեմբերին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանվել էր վաճառքի։ Նախկին սեփականատերը նշել է գլխավոր ու միակ պատճառը իր այս որոշման՝ վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքը, որը ձգվում է արդեն երկու տարուց ավելին։