
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Հոբարթի մրցաշարում: Հայ մարզուհին պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում։ Մրցակիցը դեռ հայտնի չէ։
WTA մրցաշարի երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցը Բելգիան ներկայացնող աշխարհի 94-րդ ռակետ Գրետե Մինենն էր: 1 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում` 6:2, 6:2 հաշվով։
Հոբարթի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։ Մինչ այս հայ թենիսիստուհին մասնակցել է դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը «Brisbane International presented by Evie» մրցաշարին։ Նա պայքարը սկսել էր 1/64-րդ եզրափակչից, բայց պայքարից դուրս մնաց 1/16 եզրափակչում։ Այդ մրցաշարից Ավանեսյանը վաստակեց 17,750 դոլար։
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։