
Հայ երկրպագուները չեն կարողանում գնել ֆուտզալի ազգային ընտրանու առաջիկա խաղի տոմսերը
Երկրպագուները չեն կարողանում գնել ֆուտզալի ազգային ընտրանու առաջիկա խաղի տոմսերը: FAF-ը (ֆան շարժում) հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների և խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։
Վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ ղեկավարության ու երկրպագուների միջև հակասություններ կան․ երկրպագուները պահանջում են գործող ղեկավարության հրաժարականը։ Երկրպագուները նշում են, որ սա առաջաին դեպքը չէ, երբ ՀՖՖ-ն նրանց խոչընդոտում է։ Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի նախադեպն էր՝ FAF-ն ու Red Eagles-ը մինչև վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։
2024 թվականի վերջում Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում (երկպագուների համար սեկցիան քիչ է), իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։ Մեր համառության շնորհիվ ֆան շարժումներին հաջողվեց գտնվել մարզահամալիրում միայն հանդիպման 2-րդ խաղակեսին։
Ֆան շարժումից հայտնում են, որ ՀՖՖ-ն փետրվարի 1-ի Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերը դեռևս չկան վաճառքում, և որևէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպես կարող են ներկա գտնվել խաղին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ղեկավարության հրաժարականի պահանջը ուղեկցվում էր երկրպագուների բողոքի ակցիաներով։ Նրանք պաստառներով ու հրավառ նյութերով մուտք էին գործում խաղադաշտ։ Երկրպագուների կոչերին կողմ էին հայկական ակումբներից «Փյունիկը», «Շիրակը» և «Ուրարտուն»։ Երևանի «Արարատն» ու «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարությամբ աջակցություն են հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը։ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մնացած 6 թիմերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական չեն տվել։