ՀայաստանՍպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետի գլխավորությամբ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի դեմ կայանալիք Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։ Սրա մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։

Հայաստանի հավաքական են հրավիրվել հետևյալ բասկետբոլիստները. Ալբերտ Թադևոսյան, Անդրե Սպայթ Մկրտչյան, Քրիս Ջոնս, Զակ Թավիտյան, Արտյոմ Թավաքալյան,  Գաբրիել Աճեմյան, Յուրա Մելիքյան, Դավիթ Խաչատրյան, Կարեն Մելիքյան, Դանիել Կիրակոսյան, Հայկազ Գրիգորյան, Միհրան Ներսես:

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել նաև սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը։ Նա 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։ Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ից Երևանում, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։

Հավաքականի գլխավոր մարզչի՝ Ռեքս Կալամյանի հեռացման մասին որևէ պաշտոնական հրապարակում չկա։ Կալամյանը, ի դեպ, մարզում է ամերիկյան «Միլուոքի Բաքսը»։ Նա հավաքականի վերջին մի քանի հանդիպումներին չի գլխավորել հավաքականը։