
Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը
Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին: Սրա մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում։ Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է։ Այն հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում: