ՀայաստանՍպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ռեկորդային առաջընթաց է գրանցել ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների մարտ ամսվա դասակարգման վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականն արձանագրել է զգալի առաջընթաց։

Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ մեր ազգային ընտրանին այժմ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը՝ 1828.210 վարկանիշային միավորով։ Սա պատմական ձեռքբերում է հայկական ֆուտզալի համար, քանի որ նախորդ ամիս մեր թիմը ավելի ցածր դիրք էր զբաղեցնում։

Հայաստանի հավաքականի հաջողությունը պայմանավորված է հատկապես մարտի 12-ին Երևանում տեղի ունեցած ՈւԵՖԱ Եվրո-2026-ի ընտրական խաղով, որտեղ մեր տղաները 4:2 հաշվով հաղթեցին Ղազախստանին։ Վերջինս, որը նախկինում լավագույն եռյակում էր, այժմ նահանջել է և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

ՈւԵՖԱ ֆուտզալի լավագույն 10 հավաքականներն այս պահին հետևյալ տեսքն ունեն․
Պորտուգալիա – 2945.684
Իսպանիա – 2637.681
Ռուսաստան – 2547.159
Ղազախստան – 2456.714
Ուկրաինա – 2334.137
Ֆրանսիա – 2227.347
Խորվաթիա – 2058.892
Լեհաստան – 1986.060
Իտալիա – 1911.060
Սլովենիա – 1896.929

Սա մեծ ձեռքբերում է հայկական ֆուտզալի համար, ինչը վկայում է մեր թիմի աճող մրցունակության և Եվրոպայի ուժեղագույն հավաքականների շարքում իր դիրքերը ամրապնդելու մասին։