ՀայաստանՍպորտ

Հայ-վրացական դերբիի սպասումով․ ովքե՞ր են եկել հավաքական, և ովքե՞ր են բացակայում

Մարտի 13-ին՝ Հայաստան — Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքի երրորդ օրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայատարարեց, որ Վրաստանի դեմ երևանյան հանդիպման տոմսերն աամբողջությամբ սպառվել են։ Հայ ֆուտբոլասերի համար հանդիպումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հավաքականի նոր գլխավոր մարզչին առաջին անգամ թիմի ղեկին տեսնելու, այլև այն պատճառով, որ անդրկովկասյան դերբի է սպասվում։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ Վրաստանի հավաքականը գուցե ավելի շատ փորձ ունի, Եվրոպայի առաջնության է մասնակցել, բայց դա ամենևին կապ չունի, քանի որ նման խաղերը տեղի են ունենում հավասար պայմաններում, ու կանխատեսել հաշիվը հնարավոր չէ։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպի ընտրած հայտացուցակում բացակաների անուններ կան։ Վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը։ Չնայած այդ փաստին՝ նա հավաքականի մարզչին տեղեկացրել է, որ անհամբեր սպասում է հաջորդ հավաքներին։

Վնասվածքներ ունեն նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, արգենտինական «Գիմնասիա» հարձակվող Նորբերտո Բալեկյանը և շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը։ Այս հավաքին չի միանա նաև արգենտինական «Բելգրանո» վերադարձած Լուկաս Սելարայանը, ով ընտանեկան խնդիրներ ունի Արգենտինայում: Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանն էլ հայտնել է, որ այլևս չի ցանկանում խաղալ ազգային հավաքականում։

Չնայած բացականերին՝ հավաքականին կրկին կօգնի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Նա իր վերջին 5 խաղում 3 գոլ է հեղինակել։ Հրավիրված մյուս ֆուտբոլիստները հիմնականում ժամանակ ստանում են իրենց ակումբներում, բայց գոլով կամ գոլային փոխանցումներով վերջին խաղերում աչքի չեն ընկել։

Հավաքականը վերջին 10 պաշտոնական խաղերից հաղթանակով է ավարտել ընդամենը 2-ը։ Այդ հաղթանակները հավաքականը տոնել է Լատվիայի դեմ խաղերում։ Եվս 6 հանդիպում հավաքականը ավարտել է պարտությամբ։ Առաջին երկու հանդիպումները ծանր կլինեն նոր մարզչի համար, քանի որ մրցակիցը Եվրոպայի առաջնության մասնակից ընտրանիներից է։ Հաղթանակը կօգնի հավաքականին դուրս գալ Ազգերի լիգայի B դիվիզիոն։ Պարտության դեպքում հավաքականը կմնա C դիվիզիոնում։

Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի հանդիպումները տեղի կունենան մարտի 20-ին Երևանում և մարտի 23-ին՝ Թբիլիսիում: