ՀայաստանՍպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանը կվերադառնա 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները 5 մեդալ նվաճեցին՝ 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտում միակ ոսկե մեդալը նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, ով դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։

Ազատ ոճայինների 61 կգ քաշային պայքարում Արսեն Հարությունյանը եզրափակչում զիջեց Զավուր Ուգուևին 5։7 հաշվով։ 65 կգ քաշային պայքարում Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակչում 3։2 հաշվով զիջեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Իբրահիմ Իբրահիմովիչին։ Սփոփիչ գոտեմարտում 25-ամյա Թևանյանը 3։0 հաշվով հաղթեց լեհ Քրիստոֆ Բյենկովսկիին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլին չի ներկայացել, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին:

70 կգ քաշային պայքարում Արման Անդրեասյանը եզրափակչում 4։1 հաշվով զիջեց Դավիդ Բաևին՝ երկրորդ անգամ նվաճելով մրցաշարի արծաթե մեդալը։ Նա նախորդ տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշին 2։7 հաշվով։ 97 կգ քաշային կարգում Ռիոյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ մնաց առանց մեդալի։ Նա կիսաեզրափակչում զիջեց Կիրիլ Միլենովին 1։2 հաշվով։ Բրոնզե մեդալի համար պայքարում «ճերմակ արջը» վնասվածքի պատճառով դուրս չեկավ մրցագորգ։

Նշենք, որ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդն Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ: Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշի գավաթով և դրամական պարգևով: Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդի կողմից պարգևատրվեց նաև 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզիչի կոչմանն արժանացած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հավաքականից միակ ոսկին նվաճեց 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 3։1 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին։ Մալխասի համար սա չորրորդ ոսկե մեդալն էր Եվրոպայի առաջնությունում։