
Հայաստանի հոկեյի հավաքականը ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության չորրորդ դիվիզիոնի մրցաշարում։ Ապրիլի 13-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի թիմը 24:3 հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին։
Մրցաշարը մեկնարկել է Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոցում։ Հանդիպումը Հայաստանի թիմի համար պատմական նշանակություն ուներ, քանի որ այն շուրջ 15 տարվա դադարից հետո առաջին մասնակցությունն էր աշխարհի առաջնությանը։ Նախորդ անգամ Հայաստանը հանդես էր եկել 2010 թվականին՝ երրորդ դիվիզիոնում։
Առաջին տուրում հաղթանակ են տարել նաև Ուզբեկստանի և Ինդոնեզիայի հավաքականները։ Երկրորդ տուրում Հայաստանի թիմը կհանդիպի Ուզբեկստանի հավաքականին։ Խաղը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 20:00-ին, նույն մարզադահլիճում։
Հայաստանի հավաքականի մասնակցությունը մրցաշարին դիտարկվում է որպես քայլ՝ տափօղակով հոկեյի զարգացման և միջազգային հարթակում վերագործարկման ուղղությամբ։