Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ կխաղա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ՝ 3։3։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 99-րդ րոպեին «ներաձուրիի» հաղթական գոլը հեղինակեց Դավիդե Ֆրատեզին՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ինտերին»։
Միլանյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ դուրս եկավ՝ ընդհանուր հաղթելով 7:6 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում երկրորդ անգամ նվաճեց ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչի ուղեգիր։ 2022/23 մրցաշրջանում «Ինտերը» եզրափակչում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Այս մրցաշրջանի եզրափակչում «Ինտերը» կխաղա ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։
